Հասարակական

Սոցիալական բոլոր 4 ոլորտները կսպասարկվեն մեկ միասնական սոցիալական ծառայության կողմից

2 րոպեի ընթերցում

Սոցիալական բոլոր 4 ոլորտները կսպասարկվեն մեկ միասնական սոցիալական ծառայության կողմից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանընշեց, որ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: «Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ գործող կարգավորումներում նախատեսված է եղել ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր գործող սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայություն, ընտանեկան նպաստների համակարգ, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտ: Առաջարկվում էր վերջին երեք ոլորտները միավորել ինտեգրված սոցիալական ծառայություններում և նոր գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ:

«Առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի՝ նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա նախատեսվում է ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, որն իր մեջ ներառում է բոլոր 4 կառույցները, ու որը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն այնպիսի մեխանիզմ կձևավորի, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ քաշքշուկներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում