Հասարակական

Կայացել է ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 8-րդ աշխատաժողովը

3 րոպեի ընթերցում

Կայացել է ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 8-րդ աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց հարթակում հունվարի 20-ին կայացել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի» 8-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը, կարևորեցին նաև Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի վերջնական տեսքի բերման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հարթակի ընթացիկ ծրագրերն ու 2021 թվականի աշխատանքային պլանը և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Արոտավայրերի կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի» նկարագրության և «Արոտավայրերի կայուն կառավարման ոլորտում ՏԻՄ լիազորությունների և գործառույթների իրականացման» մեթոդական ուղեցույցի մշակման ուղղությամբ տարված աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում