Ինովացիա

ԱՏՁՄ-ն նպատակ ունի մինչև 2022 թվականի վերջը ՀՀ և Արցախի յուրաքանչյուր քաղաքում ստեղծել «Արմաթ» լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

ԱՏՁՄ-ն նպատակ ունի մինչև 2022 թվականի վերջը ՀՀ և Արցախի յուրաքանչյուր քաղաքում ստեղծել «Արմաթ» լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն առաջիկա 2 տարում՝ մինչև 2022 թվականի վերջը, նախատեսում է Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում հիմնել «Արմաթ» լաբորատորիաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանն ամփոփեց անցած տարիների աշխատանքն ու խոսեց առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման մասին:

«Այս տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել ենք ունենալ 14 հազարից ավելի սան, տարեկան շրջանավարտները լինում են 1200 հոգի: Մենք միշտ ապագայի մասին ենք մտածել, գործեր է արել երկիրը զարգացնելու համար: Նոր լաբորատորիաներ հիմնելու համար աշխատանքները տարվում են: Ակնկալում ենք պետության հետ համագործակցություն, ինչի արդյունքում կկարողանանք նաև ընդլայնել մեր թիմը»,- նշեց Քասսարջյանը և հավելեց, որ «Արմաթ»-ի հիմնական գաղափարն ի սկզբանե եղել է կրթել և պատրաստել ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման և ծրագրավորման մեջ ունակություններ ունեցող մասնագետների:

Նրա խոսքով՝ 2015 թվականին ունեցել են 67 «Արմաթ» լաբորատորիա, որոնք գտնվում են դպրոցներում, այժմ հասել են 565 լաբորատորիայի, որոնք գտնվում են նաև Արցախում: 2019-2020 թթ. թիվը մի փոքր նվազել էր, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից:

Քասսարջյանն ասաց, որ 2020 թվականին ամբողջ ՀՀ-ում և Արցախում բացվել է ևս 8 լաբորատորիա, սակայն սեպտեմբերի 27-ին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի պատճառով Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացել է 10 «Արմաթ» լաբորատորիա. Արցախում մինչ այդ դեպքերն ընդհանուր առմամբ եղել է 20-ից ավելի լաբորատորիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում