Հասարակական

COVID-19. ՀՀ-ում վարակի վերարտադրության ցուցանիշը նվազել է, նոր ալիքի ռիսկը շարունակում է մնալ

2 րոպեի ընթերցում

COVID-19. ՀՀ-ում վարակի վերարտադրության ցուցանիշը նվազել է, նոր ալիքի ռիսկը շարունակում է մնալ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տոնական օրերից առաջ և դրանից հետո նկատվել է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ վարակի վերարտադրության ցուցանիշը վերջին 14 օրերին 0.84 է, իսկ դրանց նախորդող ժամանակահատվածում այդ ցուցանիշը 1.43 է եղել:

«Պետք է չմոռանանք, որ տոնական օրերին տարատեսակ շփումներ են եղել, կանխատեսվում է, որ առաջիկայում ակտիվացում կունենանք: Եթե ուսումնական պրոցեսների փաստն էլ դիտարկենք, ապա վարակի հետ կապված որոշակի ավելացում կունենանք»,- ասաց Գայանես Սահակյանը:

Հունվարի 12-ի դրությամբ Հայաստանում առկա է կորոնավիրուսի 162 հազար 643 հաստատված դեպք, մահաբերությունը կազմում է 1.8 տոկոս: Ներկայում բուժման մեջ է գտնվում 8 հազար 300 հիվանդ: Դեպքերն առավել շատ գրանցվում են 55-60, 30-35 տարեկանների շրջանում: Երեխաների խմբում ավելի շատ գրանցվում են դեպքեր 0-5 և 15-ից բարձր տարեկանների շրջանում: Գայանե Սահակյանը նշեց, որ թեստերի խնդիր չունեն:

Անդրադառնալով կրկնավարակներին՝ մասնագետը նկատեց, որ դեռ նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի սահմանում, թե որն է կրկնավարակը: Վիրուսը նոր է, այն դեռ լավ ուսումնասիրված չէ, և հստակ չկա կրկնավարակի սահմանումը:

«Կրկնավարակի մասին խոսելիս պետք է համոզված լինենք վիրուսի մուտացիա եղե՞լ է, թե ոչ, առաջին և երկրորդ վարակվածության դեպքում արդյոք նո՞ւյն շտամն է եղել, թե ոչ, ու այսպես շարունակ: Այսինքն՝ բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնվեն: Ամիսներ առաջ Հայաստանում 300-ից ավելի կրկնավարակի հնարավոր դեպքի մասին երբ խոսվում էր, ապաքինվելու և նորից հիվանդանալու ժամանակահատվածը մեկ ամիս էր դիտարկվում: Եվ մենք չենք կարող ասել դա նոր շտամով վարկված դեպք է, թե ընդհանուր առմամբ վատ բուժման հետևանք»,- ասաց Գայանե Սահակյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում