Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
«Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է:
Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը , ուստի պետք է գործել ըստ այդմ:
Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:
Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում»: