ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղի կունենա նաև հիշատակի հերթ՝ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:
Ներկա է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ սգի օր է:
Ավելի վաղ Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Երթի մասնակիցները շարժվել են Եռաբլուր: ՀայաստանումևԱրցախումդեկտեմբերի 19-իցհայտարարված էեռօրյասուգ:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: