Քաղաքականություն

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթը մեկնարկել էր Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի տարածքից:

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը հրապարակեց առաջիկա 3 օրերին նախատեսվող քայլերի ժամանակացույցը:

«Դեկտեմբերի 18-ին ժամը 19.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակից նախատեսվում է ջահերով և մոմերով երթ դեպի Եռաբլուր, որտեղ կայանալու է հերոսների լուռ հիշատակման և նրանց շիրիմների խնկարկման երեկո: Դեկտեմբերի 19-ին ժամը 15.00-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատերազմում նահատակված հերոսների հիշատակին հոգեհանգստյան կարգ է մատուցվելու», - ասաց նա: Դեկտեմբերի 20-ին ժամը 12.00-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվում է «Հայրենիքի փրկության շարժման»-ի հերթական հանրահավաքը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում