Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում անցկացվող «Արժանապատվության երթ» բողոքի ակցիան ավարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երթը մեկնարկել էր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգուց:

«Մի՜ լռիր», «Ոտքի կանգնի՜ր» և այլ կարգախոսներով երթի մասնակիցներն անցան Երևանի փողոցներով: Մասնակիցներն իրենց ելույթներում դժգոհություն հայտնեցին գործող իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից, իրավապահ մարմինների գործունեությունից: Նրանք բարձրաձայնեցին նաև Սյունիքի սահմանային համայնքների բնակիչների անվտանգության խնդիրը: Երթին մասնակցում էր խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Այս պայքարը մեր Հայրենիքի համար է, որպեսզի մենք ոտքի կանգնենք, որ շարժվենք առաջ: Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Մասնակիցները երթով անցան Հր. Քոչար, Բաղրամյան, Սայաթ Նովա փողոցներով: Այնուհետև եղան Հանրապետության հրապարակում: Երթի արդյունքները ամփոփվեցին Սուրբ Աննա եկեղեցու մոտ: Այդտեղ էլ ակցիան ավարտվեց:

Երթը շարունակվելու է վաղը՝ Երևանի Սասունցի Դավիթ արձանի մոտից:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում