Արցախ

Ռուսական հրամանատարությունը վստահեցրել է, որ պայմանավորվել են վիճակը կայունացնել. Հայկ Խանումյան

2 րոպեի ընթերցում

Ռուսական հրամանատարությունը վստահեցրել է, որ պայմանավորվել են վիճակը կայունացնել. Հայկ Խանումյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 12-ի երեկոյան հավաքվել են Ստեփանակերտում տեղակայված ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Այսօր թշնամին, օգտագործելով հրետանի, գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Մեր կողմից ունենք 6 վիրավոր: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել: Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը՝ ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»,-նշել է Խանումյանը:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում