«Արցախ՝ իմ տուն». Ազգային պատկերասրահը հանդես է եկել կրթական, ճանաչողական նոր ծրագրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաներին, պատանիներին Արցախ աշխարհն առավել ճանաչելի դարձնելու, նրանց Արցախի մշակույթին, նիստուկացին ծանոթացնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Արցախ՝ իմ տուն» կրթական ծրագիրը: Նախագծի շրջանակում 5-15 տարեկան մասնակիցները պետք է Արցախի վերաբերյալ թեմատիկ ստեղծագործություն նկարեն և լուսանկարներն ուղարկեն educationaldepartmentnga@mail.ru հասցեին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԱՊ գիտակրթական բաժնի վարիչ Անի Նազարյանն ասաց, որ մինչ վերոնշյալ նախաձեռնությունը կյանքի են կոչել «Ձոն խաղաղության» նախագիծը, որի մասնակից երեխաները պատկերել են խաղաղությունն իրենց աչքերով: Հիմնական նպատակը երեխաներին պատերազմական իրականությունից կտրելն է եղել, իսկ «Արցախ՝ իմ տուն» ծրագրին մասնակցելով երեխաներն ու պատանիներն առավել լավ կճանաչեն իրենց հայրենիքը՝ Արցախը:

«Նրանք կփորձեն ուսումնասիրել Արցախը, դիտել բազմաթիվ լուսանկարներ, որևէ տեսարան կարող են հավանել ու պատկերել այն: Նախագծի վերնագիրը խորհրդանշական է. մասնակիցները պետք է հասկանան, որ Արցախը մեր հայրենիքն է: Նախատեսում ենք աշխատանքները ցուցադրել նաև թանգարանում: Այդպես կապ կստեղծենք երեխաների և մշակութային օջախի միջև»,-նշեց Նազարյանն ու հավելեց՝ արդեն 70 աշխատանք են ստացել, որոնք հրապարակել են «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Մասնակիցներն իրենց գործերը կարող են ուղարկել մինչև դեկտեմբերի 28-ը: Համացանցում առավելագույն հավանումների արժանացած տասը աշխատանքը և պատկերասրահի կողմից ընտրված 40 աշխատանք հունվարին կներկայացվի պատկերասրահի մասնաճյուղերից մեկում՝ կա՛մ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, կա՛մ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) թանգարանում:

Նազարյանի խոսքով՝ կան երեխաներ, որոնք մշտապես մասնակցում են պատկերասրահի կրթական ծրագրերին, նրանք անհամբեր սպասում են նորությունների ու մշտապես գրանցվում այս կամ այն նախաձեռնությանը մասնակցելու համար:

Համաճարակի տարածման ընթացքում Ֆինլանդիայից են մասնակիցներ ունեցել: «Հելսինկիի հայկական համայնքից շուրջ 8 առցանց կրթական ծրագրի է մասնակցել 15 երեխա: Ծրագրերը նախագծված էին հենց սփյուռքի համար: Պատկերասրահն ամեն օր աշխատանք է տանում երեխաներին կրթելու, հայկական և համաշխարհային մշակույթին ծանոթացնելու ուղղությամբ, անում է ամեն հնարավորը, որ ծրագրերն առավել հետաքրքիր լինեն և հասանելի նաև սփյուռքին»,-շեշտեց Նազարյանը:

Նրա համոզմամբ՝ մշակույթի առաջնային գործառույթը մարդկանց միավորելը, համախմբելն է: «Մեր ապագա սերունդը պետք է լավ ճանաչի սեփական մշակույթը՝ այն աշխարհում տարածելու համար, որպեսզի հակառակորդը երբեք չկարողանա այն ներկայացնել որպես իրենը»,-եզրափակեց Անի Նազարյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը