Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների մեկնարկը 

2 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների մեկնարկը 

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Դեկտեմբերի 5-ին, շաբաթ օրը «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը և հանրահավաքից հետո մենք միասին այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչև երեքշաբթի օրը ժամը 12:00-ն հրաժարական տա և հեռանա: Ինչպես տեսնում եք, արդեն ժամը 12:08 րոպե է, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Հետևաբար, այս պահից սկսաց մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:

Դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողությունները անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքներին, դիմում եմ իրավապահ համակարգին ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը»,- ասաց Սաղաթելյանը:

Նա ևս մեկ անգամ հորդորեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա անցնցում հեռանա վարչապետի պաշտոնից:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը ձևավորվել է ընդդիմադիր 16 կուսակցությունների համագործակցությամբ։ Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում