Քաղաքականություն

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա

3 րոպեի ընթերցում

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համացանցում տարածում գտած ձայնագրությունը, որում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր, պետք է քննության առարկա դառնա՝ նախատեսվող պարիտետային հանձնաժողովում, որը պետք է քննի պատերազմի հանգամանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այդ ձայնագրությունը ես պահպանել եմ: Կարծում եմ, որ դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Պետք է կանչվեն և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը: Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սփռվել մամուլում»,-ասաց Մարուքյանը:

Նա չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց նշեց՝ Սարգսյանը պետք է պարզաբանի: ԼՀԿ-ն հիմա աշխատում է նախագծի վրա՝ խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու: Այդ հանձնաժողովում կլինեն ամեն ուժից համապատասխան ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինելու: Հանձնաժողովում կլինեն նաև էքսպերտներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:

Մարուքյանի խոսքով՝ նախատեսվող հանձնաժողովում քննության առարկա է լինելու ոչ միայն այս ձայնագրությունը: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում:

Դեկտեմբերի 7-ին համացանցում տարածվել էր քննարկման ձայնագրություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ: Քննարկման ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է համոզել Սերժ Սարգսյանին, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն 7 շրջանները, իսկ Սերժ Սարգսյանը ի պատասխան նշում է, որ չի կարող նման բան անել, քանի որ այդ տարածքներն ազատագրելու համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել: Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշում է, որ 7 շրջանների դիմաց Ադրբեջանի նախագահը պատրաստ է 5 միլիարդ դոլար վճարել, ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծում է, որ ինքը 6 միլիարդ դոլար է առաջարկում, թող Ադրբեջանը հրաժարվի 7 շրջաններից:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում