Հասարակական

Անձնական տրանսպորտային միջոցում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 տուգանային միավոր

3 րոպեի ընթերցում

Անձնական տրանսպորտային միջոցում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 տուգանային միավոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները՝ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից: Մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարաքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ»,-ասաց Ֆիդանյանը:

Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:

«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար»,-ասաց Ֆիդանյանը:

Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Օրինագծի մի քանի հոդվածներով նախատեսվող նորմերի նպատակը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգելն է: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում