ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով Ազգային ժողովի հրատապ քննարկումը կանցնի դռնփակ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման որոշում խորհրդարանն ընդունեց 68 «կողմ» և 2 «դեմ» ձայներով:
Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը դռնփակ ռեժիմով անցկացնելու առաջարկը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: «Լուսավոր Հայաստան»-ը նշում էր, որ քննարկումը պետք է անցնի բաց ռեժիմով, որպեսզի քաղաքացիներն ամբողջովին տեղյակ լինեն խնդրից:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին: Ազգային ժողովի նախորդ քառօրյա նիստի ընթացքում խմբակցության անդամները հայտարարել էին, որ իրենց համար այժմ չկա այլ օրակարգ, բացի վարչապետի հրաժարականի հարցից: