Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը. ՀՀ նախագահի կոչը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված կոչով, որում նշում է, որ պետությունն ու հասարակությունն այս պահին հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ են, և ամեն ինչ պետք է արվի այն հաղթահարելու համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի կոչը:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված:

Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պետք է մտածենք մեր պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին:

Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը եւ իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար:

Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է:

Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ:

Դիմում եմ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարևոր է: Միաժամանակ հիշեք, որ ձեր առջև, Երևանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մեկը՝ կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Նրանց մեջ են նաև մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին, ձեզ:

Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ:

Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում: Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հավաքական ուժի, որը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը: Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունն ուղղված է հենց այդ նպատակին:

Աստված պահապան բոլորիս»:

Հայերեն العربية English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել