ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը, նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։
Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունը տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է և հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել:
Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքով ստեղծված վիճակին՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ տեղի ունեցածն ազգային ողբերգություն է: «Բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական, ընտանեկան ողբերգություն, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, որոնք այս պահին չունեն մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը դեռ ՀՀ-ում է ապրում, կան բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ: Հետևաբար իմ պատասխանատվությունն է յուրաքանչյուր օր հնարավորինս մեղմել այդ մարդկանց խնդիրները: Պատերազմի հետեւանքները համարում եմ ողբերգություն։ Տարածքների հանձնումը տեղի է ունեցել պատերազմի ավարտի հետևանքով արված հայտարարության հիման վրա։ Այդ պահին իրականացվել է առավելագույն լուծումը»,- ասաց նա։