Հասարակական

ՀՀ ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը կարևորել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը կարևորել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթների իրագործման շրջանակում Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությանը: Կողմերը կարևորել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը՝ ուղղված փախստականների վերադարձին, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում