Հասարակական

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

2 րոպեի ընթերցում

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նոյեմբերի 26-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք պարզել, թե որտեղ են, բայց չենք կարողանում գտնել նրանց, թուրքերի մոտ են իրենց հեռախոսները»,- ասաց Սինանյանը:

Լիբանանահայերից մեկը հայրենիք է վերադարձել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո` ցանկություն հայտնելով վերաբնակվել Արցախում: Նա ժամանակավորապես տեղավորվել է Շուշի քաղաքի հյուրանոցում` մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: Պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Գորիս, իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո` նոյեմբերի 10-ին, մեկ այլ լիբանանահայ տղամարդու հետ Բերձորից ենթադրաբար մեկնել է Շուշի` իր իրերի հետևից:

Լիբանանահայերի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ավելի ուշ թուրք կամ ազերի անձինք պատասխանել են նրանց հեռախոսին, սկզբում հայտնել, որ կինը գերի է, հետո նշել, թե սպանված է: Լիբանանահայ տղամարդու վերաբերյալ տեղեկություններ չկան:

Դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր Խաչին և Ազգային անվտանգության ծառայությանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում