Քաղաքականություն

Տոնոյանն ու Շոյգուն քննարկել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր

2 րոպեի ընթերցում

Տոնոյանն ու Շոյգուն քննարկել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 17-ի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտներ իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ և արդյունավետ տեղակայման, ինչպես նաև զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ՀՀ պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում