Հասարակական

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցով

4 րոպեի ընթերցում

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և դատախազության դիրքորոշմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ որոշման դեմ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք:

Ավելի վաղ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել էԱզգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։ Վանեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզի բնակիչ Աշոտ Մինասյանը Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում