ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանում են Շուշին. Սուրեն Սարումյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն ընդգծում է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանել են և վճռականորեն պաշտպանում են Արցախի խորհրդանիշերից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարումյանն այս մասին ասաց նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել են և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ: Նշեմ, որ այդ հատվածում հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողի»,- մանրամասնեց Սարումյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են: «Կա այսպիսի մի նրբություն: Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այլ գործողություններ: Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են: Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամեն դեպքում մենք մեր ժողովրդից ոչինչ չունենք թաքցնելու, խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասաց նա:

Սարումյանի խոսքով՝ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է որոշ ուղղություններում ներթափանցել Արցախի բուն տարածք: «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, նրան առավել արդյունավետ խոցելու համար: Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու: Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները և կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը: Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաները ամուր են ոգով և պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց հայրենիքը»,- նշեց Սարումյանը:

Նա հավելեց, որ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է ռազմաճակատի մյուս հատվածներում: «Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են ավելի նպաստավոր բնագծեր: Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ, հրետանային միջոցներ»,- ասաց Սուրեն Սարումյանը:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել