Քաղաքականություն

Բունդեսթագի երկու պատգամավոր Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ

2 րոպեի ընթերցում

Բունդեսթագի երկու պատգամավոր Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (Քրիստոնա-դեմոկրատական միություն) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես են եկել համատեղ մամուլի հաղորդագրությամբ՝ կոչ անելով կանցլեր Անգելա Մերկելին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ:

Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը նշել են. «Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որ հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի:

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը՝ հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է: Սա էթնիկ զտում է, ինչը, որպես ռազմական հանցագործություն, պետք է դատապարտել:

Միևնույն ժամանակ, ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվել են արգելված կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացվել են հայ ռազմագերիների գնդակահարման և գլխատման տեսանյութեր: Սիրիական ծայրահեղական վարձկաններին յուրաքանչյուր գլխատված հայի համար խոստացվել է հարյուրական դոլար:

Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում