Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է դպրոցներում ներդնել մարզառազմական ճամբարների կարգը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է դպրոցներում ներդնել մարզառազմական ճամբարների կարգը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչների վերանայման շրջանակում նախատեսվում է ներդնել մարզառազմական ճամբարների կարգը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Մինչև ռազմական դրությունը մենք արդեն նախատեսել էինք չափորոշիչների վերանայման գործընթաց, դրանցից մեկը նախնական զինվորական պատրաստության չափորոշիչներն են: Ինտենսիվ քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական բուհերի, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Դրա հիման վրա զգալի վերանայել ենք չափորոշիչները: Ամբողջությամբ հաշվի ենք առնում եղած բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք ունենք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այստեղ խոսքը ոչ միայն նախնական զինվորական պատրաստության հարցն է, այլև քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների, որոնց ուսուցանումը դպրոցներում պետք էապես բարձրացվի:

«Չափորոշիչների վերանայման հետ միաժամանակ նախատեսում ենք ներդնել մարզառազմական ճամբարների կարգը, այսինքն՝ գործնական բաղադրիչը: Դա թույլ կտա, որ ոչ միայն տեսական գիտելիք փոխանցենք, այլև էապես բարելավենք պրակտիկ հմտությունները: Ուզում եմ շեշտել, որ խոսքը միայն ռազմագիտության մասին չէ, այլ քաղաքացիական պաշտպանության կարևոր գիտելիքների հմտությունների մասին է: Մեծ անելիք կա այդ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում