Հասարակական

Օգնության շտապելիս բժիշկը ընկել է հակառակորդի դիվերսիոն խմբի ծուղակը և զոհվել

2 րոպեի ընթերցում

Օգնության շտապելիս բժիշկը ընկել է հակառակորդի դիվերսիոն խմբի ծուղակը և զոհվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկ Սաշա Ռուստամյանի բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին, հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի, կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով, սակայն հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ և զոհվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տարածած հաղորդագրությունից, ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ՝ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս:

«Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշում է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների:

«Նա պատրաստված սպա և երդմանը հավատարիմ բժիշկ էր»,- փաստում է ֆակուլտետի պետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում