Հասարակական

Դատախազությունը hամավարակի, պատերազմի պայմաններում ծախսերի կրճատմամբ միջոցներ է ուղղել պետբյուջե

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը hամավարակի, պատերազմի պայմաններում ծախսերի կրճատմամբ միջոցներ է ուղղել պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը, համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված, այս տարի ծախսերի վերանայումներ է կատարել և որոշակի միջոցներ ուղղել պետբյուջե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանը:

Նկատի ունենալով համավարակը և ռազմական դրությունը՝ եղել են որոշակի ծախսեր, որոնք առանձին հոդվածներով չեն կատարվել: Նրա խոսքով՝ դրանք ուղղակիորեն ուղղվել են պետբյուջե: «2020-ի ընթացքում այդպիսի ծախսերից են մասնագիտական վերապատրաստման հետ կապված ծախսերը՝ շուրջ 17 մլն 600 հազար դրամի չափով: Պայմանավորված համավարակով և ռազմական դրությամբ՝ որոշվեց մասնագիտական ուսուցման ծախսերը չիրականացնել: Նախատեսված էր, որ շուրջ 360 հոգի պետք է անցնեին մասնագիտական վերապատրաստում, սակայն ներգրավված են եղել ընդամենը 30 անձ»,-ասաց Նավասարդյանը:

Ինչպես նաև չեն իրականացվել որոշակի հոդվածներով ծախսեր՝ շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգում և այլն:

Անդրադառնալով հաջորդ տարվան՝ նա տեղեկացրեց, որ դատախազությանը 2021 թվականի պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում ընդամենը երեք ծրագրի մասով՝ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում և փորձաքննությունների ծառայություններ: Դատավարական ղեկավարման և դատախազկան հսկողության ծրագրով 2021-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 5 մլրդ 793 մլն դրամ»,- ասաց Նավասարդյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում