Քաղաքականություն

ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն. Վաղարշակ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն հաստատելու կողմնակից է և հակամարտությունների առկայությունը չի բխում իր շահերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության սրացման համատեքստում Ռուսաստանի դերին:

«Այդ հարցին անդրադառնալու համար եկեք պատմական ակնարկ կատարենք: Դեռ 1994 թվականին Ռուսաստանն Անդրկովկասում կանգնեցրեց երեք հակամարտություն՝ Օսիայի, Աբխազիայի, ինչպես նաև Ղարաբաղի: Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի դերի մասին, ապա հստակ կարող ենք ասել, որ միշտ տարածաշրջանում եղել է այն պետությունը, որը հաստատել է կայունություն: Այս տարածաշրջանում գտնվող Ռուսաստանի համար սպառնալիք են այն հակամարտությունները, որոնք իր սահմանների մոտ են»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ գործողություններից հետո առաջինն արձագանքեց Ռուսաստանը: Հայտարարություններով հանդես եկան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանն առաջին արձագանքողներից էր Ապրիլյան պատերազմի ժամանակ, 2016 թվականին: Այդ ժամանակ ևս հրադադարի հաստատման գործում Ռուսաստանը բավական ակտիվ էր, Սերգեյ Շոյգուն հանդես եկավ և զինադադարի հետ կապված համաձայնություն ձեռք բերվեց Մոսկվայում:

Ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիան: Հարցին ի պատասխան Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Թուրքիան շարունակում է կրակի վրա յուղ լցնել և ապակայունացնողի դեր տանել: Նա ընդգծեց, որ ներկայում գործում է միայն Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը, և տարածաշրջանում անկայունությունը Թուրքիայի շահերից է բխում: Նա նկատեց, որ այսօր որոշումներն ընդունվում են Թուրքիայում, իսկ Ադրբեջանը հնչեցնում է դրանք: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը սպասարկում է նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացմանը:

«Այստեղ ես կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը բոլոր ուղղություններով պայքարում է միջազգային ահաբեկիչների դեմ: Երբ ժամանակին ՌԴ դաշնային խորհրդում քննարկվում էր Սիրիա զորք ուղարկելու մասին, հիմնավորումը եղավ այն՝ եթե չլինի այդպիսի առաքելություն, ապա այդ ահաբեկիչները կգան ԱՊՀ երկրներ, Ռուսաստան: Հիմա մենք տեսնում ենք դա: Այսօր Թուրքիան Իդլբում զինում է ահաբեկիչներին, իսկ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում զինաթափելու համար: Ռուսաստանի կողմից տարածաշրջանը կայունացնելու գործոնին պետք է գումարել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նա պատահական չի համարում նաև Կասպից ծովում Ռուսաստանի զորավարժությունները, որոնցով այդ երկիրը ցույց է տալիս, որ անհանգստացած է այս իրավիճակով: Ռուսաստանը բացահայտ հայտարարում է՝ չի կարող հանդուրժել այնպիսի իրավիճակ, երբ ահաբեկիչները մոտեցել են իր սահմաններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում