ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-իթղթակիցը, քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը: Եղել է մոտ 6-7 հարված:
14:25 - Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ հակառակորդն ավիահարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաքին:
14:39 - Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որԱդրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
14:57 -«Արմենպրես»-իթղթակիցը հայտնում է, որ այս պահին օդային տագնապ ազդանշանն անջատվել է:
15:03 -ANNA News լրատվական գործակալության թղթակիցը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, ադրբեջանական կողմը Ստեփանակերտի վրա ռումբերը գցել է պարաշյուտով: «Քիչ առաջ Ստեփանակերտի կենտրոնին ավիահարված հասցվեց: Ռումբերն ընկան կենտրոնում, Գրիբոյեդովի անվան դպրոցի շրջակայքում, այնտեղ գտնվում է նաև ԱԻՆ-ը: Ռումբերն ընկնում էին ինքնաթիռներից` պարաշյուտներով»,- նշում է նա:
15:20 -«Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: