Քաղաքականություն

Կանադան շարունակում է կոչ անել արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

3 րոպեի ընթերցում

Կանադան շարունակում է կոչ անել արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան կրկին կոչ է անում արտաքին կողմերին` չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-ՖիլիպՇամպայնը:

Նա նախ տեղեկացրել է, որ խոսել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ նշելով նաև ԱՄՆ միջնորդությամբ ևս մեկ հրադադարի պայմանավորվածության մասին:

«Մենք շարունակում ենք կոչ անել ատաքին կողմերին՝ չմիջամտել հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»,- նշել է Շամպայնը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով իր ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է այդ իրողությունը հաստատող լուրջ փաստերի. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության վերաբերյալ փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որԴամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում