ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայացել է Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահների հանդիպումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Տեղեկացնում եմ, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»,- գրել է Մուսինյանը։
Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: