Քաղաքագետն Ադրբեջանում ահաբեկչական կուտակումները վտանգավոր է համարում մի շարք պետությունների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ընդգծում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար վարձկան ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջանի տարածք կարող է վտանգավոր լինել մի շարք պետությունների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարկարովն անդրադարձավ վերջին օրերին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից երկրի տարածքում ահաբեկիչների վնասազերծելու մասին հաղորդագրություններին:

«Վերջին օրերին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություններ է տարածում, որ չեզոքացվում և կանխվում են ահաբեկչական գործողություններ: Դրանք հաստատում են այն հանգամանքը, որ այսօր ոչ ոք չի կարող ազատ լինել ահաբեկչական վտանգից»,- նշեց Մարկարովը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները կապ ունեն Սիրիայից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման հետ, քաղաքագետը նշեց, որ հստակ կապ չի տեսնում, բայց այդ հանգամանքը կարող է վտանգ լինել մի շարք պետությունների համար:

«Այս վտանգը մեծանում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ըստ էության, իր տարածքն է օգտագործում համաշխարհային հանրության կողմից ահաբեկչական խումբ հանդիսացող վարձկանների տեղափոխման և նոր կապող օղակ հանդիսանալու համար: Չի բացառվում, որ Ադրբեջանն այսօր հանդես է գալիս որպես տարածք, որտեղ, ըստ էության կենտրոնանում են ահաբեկչական ուժեր: Սա անընդունելի է և բացարձակապես չի նպաստում կայունությանը և խաղաղությանը: Ահաբեկչությունը, որ սահմաններ և տարածքներ չի ճանաչում, գլոբալ վտանգ է ներկայացնում»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում տեղի ունեցող ահաբեկչական կուտակումները միանշանակ բոլորին առնվազն անհանգստացնում են, իսկ անհանգստությանը պետք է համապատասխան արձագանք տրվի:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հոկտեմբերի 15-ին հայտնել է, որ կասեցվել է Վոլգոգրադում «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության (արգելված է Ռուսաստանում-խմբ) միջտարածաշրջանային բջջի գործունեությունը, որի համակարգումը իրականացվել է Սիրիայի տարածքից:

Հոկտեմբերի 13-ին հայտնի էր դարձել Գրոզնիում ահաբեկիչների խմբի վնասազերծելու մասին: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ ահաբեկիչները Չեչնիա էին ժամանել Սիրիայից:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский