Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հակամարտության վերաբերյալ ճիշտ հասարակական կարծիք ձևավորվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սինանյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ամբողջ սփյուռքում շատ կարևոր է նաև հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեր հայրենակիցների դերը, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանն ապականել են ամբողջ մեդիան, ապականել են ամբողջ հասարակական կարծիքը կեղծ տեղեկություններով Արցախում տեղի ունեցողի մասին: Սրա հիմնական հակակշիռը մեր սփյուռքի կողմից տարվող աշխատանքներն են, որոնք շատ ինտենսիվ են, բավական արդյունավետ և, որի անհրաժեշտությունը մենք շատ ենք զգում»,- ասաց Սինանյանը:

Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունները վարձել են նաև լոբբիստական խմբեր, որոնք աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում իրենց համար նպաստավոր կարծիքի ձևավորման համար, որին պետք է հետևի հայկական սփյուռքի պատասխանը:

«Սփյուռքում աշխատում են բոլորը, այս աշխատանքն էլ պետք է շարունակական լինի, որպեսզի կարողանանք հասնել մեզ ցանկալի արդյունքին: Տարբեր երկրներում տեղի են ունենում ցույցեր, կան նաև նախաձեռնություններ տարբեր մակարդակներով, որպեսզի մենք հասնենք երկու կարևոր նպատակի` Արցախի անկախության ճանաչում ու թուրք-ադրբեջանական, ահաբեկչական գործողությունների դատապարտումը տարբեր պետությունների կողմից»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով