ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»,- գրել է Պողոսյանը։
«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ երկու անգամ պայթյունի ձայն է լսվել:
Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծությունը շարունակվում է:
Այս պահին օդային տագնապը դեռ միացված է: Նոր հարվածներ չկան:
Վահրամ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև հայտնեց, որ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներից ահազանգեր են ստանում, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում Մարտունի քաղաքին:
«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հայտնում է,որօդային տագնապի ազդանշանը կտրվել է: Մոտ մի վեց-յոթ անգամ խփեցին ու դադարեց:
«Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»,-թվիթերի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։