Հասարակական

Հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցումը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցումը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցման պահը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ` զինծառայողներ և ահաբեկիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկվա ողջ գիշերը և մինչև հրադադարը, մարտերը նույն կերպ ընթանում էին և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր հայկական զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև այսօր կեսօրվա դրությամբ կորցրել է մոտ 200 կենդանի ուժ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի ուժգնացել են, բայց հայկական զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում