Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին. Զոհրաբ Մնացականյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:

«Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ Թուրքիայի կողմից և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման:

«Տարածաշրջանի և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ : Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- նշել է նախարարը:

Մնացականյանը հավելել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ:

«Առաջին խնդիրն այս ճգնաժամն ավարտին հասցնելն է»,- եզրափակել է Մնացականյանը:

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում:

Հայերեն العربية English Français Русский

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում

Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ