Հայկական բանակը ուշադրությամբ դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանին թշնամու բոլոր զորաշարժերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի, զինտեխնիկայի և վարձկանների կուտակումներ կան, սակայն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կան համապատասխան զորքերի շարժակազմեր, մարտակարգեր:Հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հովհաննիսյանն անդրադարձավ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տարածած տեղեկատվությանը, թե հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի, զինտեխնիկայի, Սիրիայից, Լիբիայից և Պակիստանից Ադրբեջան ժամանած վարձկանների կուտակումներ կան:

«Ես չեմ կարող դա ոչ հերքել, ոչ հաստատել: Կարող եմ ասել, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կան համապատասխան զորքերի շարժակազմեր, մարտակարգեր: Դրանցում վստահ եմ, որ կլինեն տարբեր տեղերից բերված վարձկան ահաբեկիչներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահամանին մարտական գործողություններ որպես այդպիսին չեն մղվում, բայց որոշակի շարժեր նկատվում են հակառակորդի կողմից, ինչպես նաև հետախուզական, սադրիչ գործողություններ, որը վերահսկվում է և կանխվում է:

«Մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել