ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է հասնել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանը. Ֆրանսիայի ԱԳՆ
3 րոպեի ընթերցում
![ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է հասնել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանը. Ֆրանսիայի ԱԳՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1029979.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կոնտակտների արդյունքներով:
«ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան՝ ես շեշտել եմ Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, անաչառ կերպով իր դերը ստանձնելու վճռականությունը՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում», - նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Լը Դրիանն այդ զրույցների ընթացքում կրկին կոչ է արել կողմերին անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողությունները:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարացումը կբերի միայն զոհերի քանակի ավելացմանն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաև կառաջացնի էսկալացիայի ռիսկեր, որը կարող է դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողությունից: «Ես զգուշացրել եմ զրուցակիցներիս հակամարտության ինտերնացիոնալիզացման վտանգի մասին»,-շեշտել է Լը Դրիանը:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրել է Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունն է հայտնել արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծել են հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում: