Իրանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում և բանակցություններ սկսել
1 րոպեի ընթերցում
![Իրանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում և բանակցություններ սկսել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1029099.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել բանակցային գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին հայտարարել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն:
«Թեհրանը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել , ինչպես նաև անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները», - նրա խոսքը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դիվանագետը նաեւ նշել է, որ Իրանը մտահոգված է զինված բախումներով և ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին:
Նրա խոսքով՝ Իրանի արտգործնախարարությունը պատրաստակամ է օգտագործել բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համար :
Իրանի արտգործնախարար Մոհամմադ ՋավադԶարիֆը «Թվիթեր·-ի իր էջում գրել է, որ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի:
«Հարևանները մեր գերակայությունն են, և մենք պատրաստ ենք տրամադրել միջնորդական ծառայություններ բանակցային գործընթացը սկսելու համար», - հավելել է նա: