Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ շփման գծում

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ուղերձ է հղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Արմենպրես»-ը այս մասին տեղեկացավ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից:

«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով:

«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են բնակիչների շրջանում զոհերի: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման համար: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- նշել է Ջեյմս Ապատուրայը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում