ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերը հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի անօդաչու թռչող սարք է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ»,- գրել է Ստեփանյանը:
Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ և երեք տանկ: Ադրբեջանն ունի նաև մարդկային և տեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն պաշտոնապես հաստատել է մեկ ուղղաթիռի կորուստը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: