Միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում. Պապիկյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է Վիեննայում սեպտեմբերի 21-ից 25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Պապիկյանը համաժողովի շրջանակում սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ելույթով: Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել ԱԷՄԳ օգնությունը՝ գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և COVID-19 համավարակի դեմ պայքարում երկրներին օժանդակություն ցուցաբերելու գործում:

«Այս առումով կցանկանայի ընդգծել անդամ երկրներին ցուցաբերվող օժանդակությունը՝ ատոմային էլեկտրակայանների շարունակական և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Երախտապարտ ենք նաև գլխավոր տնօրենին և ԱԷՄԳ քարտուղարությանը` ավելի քան 120 երկրներին, այդ թվում նաև Հայաստանին տրամադրված ախտորոշիչ սարքերի և նյութերի տեսքով տեխնիկական օժանդակության համար, որն ուժեղացրեց համաճարակի դեմ պայքարի կարողությունները այդ երկրներում»,-նշել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարն իր մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես իրական սպառնալիք, ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ առաջին անգամ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ»,-ելույթում ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման հարցին` շեշտելով, որ միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում։ «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը կայացվել է մանրազնին վերլուծությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ենք դրել ապահովել ՀԱԷԿ-ի հետագա գործունեության անվտանգության բարձր մակարդակ և հուսալիություն: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Հայաստանը ակտիվորեն օգտագործում է ԱԷՄԳ խորհրդատվական և գնահատման առաքելությունների հնարավորությունները»,-հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը:

Ավարտելով ելույթը, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը խորապես գնահատում է գործակալության գործունեությունը և վերջինիս աջակցությունը Հայաստանին:

Համաժողովի շրջանակում Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 21-ին հանդիպել է նաև ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Նախարարը կարևորել է Հայաստանի և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը: «Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է ԱԷՄ գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ: Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր»,- նշել է նախարար Պապիկյանը` ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրելով Հայաստան։

Նախարարը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

ԱԷՄԳ-ի Գլխավոր Կոնֆերանսը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարվա ամփոփիչ և կարևոր իրադարձությունն է: Նստաշրջանի ընթացքում քննարկվում են ատոմային էներգետիկայի բնագավառում նոր զարգացումները և իրադարձությունները, ինչպես նաև միջուկային էլեկտրակայանների անվտանգ շահագործման և դրանց անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց:

1993թ.-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիիրավ անդամ: Կազմակերպությանը անդամակցումեն 171 երկիր:

Հայերեն العربية English Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»