Նոր աջակցության ծրագրեր՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից: «Մենք առաջարկում ենք ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, ինչը հնարավրություն կտա արդեն իսկ օրենքով առկա մի շարք արտոնություններից օգտվել սահմանամերձ համայնքների բնակիչներին: Այս երեք տարի ավելացումը հնարավորություն կտա պետությանը ևս 3 տարի փոխհատուցել սահմանապահ համայնքներում բնակվողների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի սակագնի 50 տոկոսի չափով»,-ներկայացրեց Գաբրիելյանն ու հավելեց՝ սահմանապահ համայնքների բնակիչները ևս 3 տարով կազատվեն հողի և գույքի հարկը վճարելուց:

Գործող օրենքով սահմանվում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում ու տրամադրում բնակիչներին: Նախագծով ամրագրվում է, որ եթե դա չի հանգեցրել օթևանի ամբողջությամբ կորստի, անկախ վնասվածքի չափից, պետությունը կամ պարտավոր է լինելու վերականգնել, կամ, եթե վերականգնումն անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կկառուցվի կամ կգնվի: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով:

Սահմանվում է, որ սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: «Կառավարության առաջարկով, մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը, նախագծում այս կարգավորումը կընդլայնվի, կներառենք գյուղատնտեսական տեխնիկան, որը կվնասվի»,-ասաց պատգամավորը:

Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ համայնքներում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից, կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: «Եթե կունենանք զոհ, ապա զոհվածի ընտանիքի անդամներին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար»,-ասաց Գաբրիելյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը