Հասարակական

Հուլիսյան գործողությունների դադարից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. ՊՆ

3 րոպեի ընթերցում

Հուլիսյան գործողությունների դադարից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսյան գործողությունների դադարից հետո Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱԺ-ում կառաավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

Հայրապետյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում զինծառայող է զոհվել, հետաքրքրվեց սահմանային իրավիճակով:

«Հուլիսյան գործողությունների՝ համեմատաբար դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Հույս ունենք, որ մեր Զինված ուժերի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու բանակցային գործընթացին»,-ասաց Տոնոյանն ու համոզմունք հայտնեց, որ պատասխան գործողությունները համարժեք են:

Նախարարը նշեց նաև, որ ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ փորձելով չեզոքացնել հայկական կողմի դիրքապահների և դիրքերի գերակայությունը և առավելությունը: «Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տեղեկացված է, մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, ունենք զոհ: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է, այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, քանի որ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց Տոնոյանը:

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում