Հասարակական

ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով

3 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրթական համակարգում տեսնում է մի շարք խնդիրներ, կարծում է՝ համակարգում կան հարցեր, որոնք ընթանում են նախկինում ընդունված պրակտիկայով, նախարարը երբեմն միջամտում է բուհական ինքնավարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աժ ամբիոնից ասաց ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով իրենց հարցապնդումը:

Նա նախ դժգոհեց հարցապնդմանը՝ խորհրդարանի ամբիոնից նախարարի տված պատասխանից: Կոստանյանը հիշեցրեց՝ կառավարության 2019-ի ծրագրի կատարողականի ժամանակ դեռ կարծիք է հայտնել՝ կրթական համակարգը կանգնած է կոլապսի եզրին, այսօր պնդում է իր այդ համոզմունքը: Պատգամավորը փորձեց հիմնավորել այս միտքը: «Այսօր՝ գրեթե կես տարի անց տեսնում ենք, որ հանրային դժգոհությունները՝ կրթական համակարգի քաղաքականությունը վարող պատասխանատուի հանդեպ մեծանում են: Երկու տարվա ընթացքում մի շարք խնդիրներ կրթական համակարգում ընթանում են նախկին ընդունված պրակտիկայով կամ ոչ կոնստրուկտիվ ճանապարհով»,-ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ նա կարծիք հայտնեց, թե օրենքի կոպտագույն խախտումներով են կազմակերպվել համալսարանի ռեկտորի ընտրությունները, պատգամավորը կարծում է, որ դա արվել է նրա համար, որ հաղթի նախարարի ֆավորիտ թեկնածուն: Կոստանյանը կարծում է, որ Երևանի պետական համալսարանում կառավարման ճգնաժամային իրավիճակ ստեղծելու հարցում մեծ ներդրում ունի Հարությունյանը: «Ուղիղ նախարարության ազդեցությամբ բուհական ինքնավարության սկզբունքներին միջամտող գործողություններ են տեղի ունենում»,-նշեց նա:

Անդրադառնալով հեռավար կրթությանը՝ պատգամավորը նշեց, որ ողջ ամռանը ծնողների, դպրոցական համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներում հասկացել է, որ դժգոհությունը մեծ է:

Կոստանյանը թվեց մի շարք հարցեր, որոնցում խնդիրներ է նկատել: Ըստ պատգամավորի՝ նախարարը նաև անհանդուրժող է հանրության ամենատարբեր շերտերի նկատմամբ:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»: Արայիկ Հարությունյանը հարցապնդմանն ի պատասխան իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում