Հասարակական

Շրջանառության մեջ է դրվել չծառայած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին առնչվող օրինագծերի փաթեթ

2 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ է դրվել չծառայած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին առնչվող օրինագծերի փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի երեք պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա որոշակի վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվել պարտադիր ծառայություն չանցած և քրեական հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ ետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»,- գրել է Հայրապետյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում