Հասարակական

Նպատակը սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալն է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Նպատակը սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալն է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված վիճակին և արձանագրեց, որ վերջին շրջանում ունենք համավարակի հետ կապված բարելավում: Վարչապետը նկատեց, որ վերջին 20 օրում ունենք կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր: «Սա ընդհանուր առմամբ, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, այս պահին 3 հազարից պակաս ակտիվ դեպք ունենք: Նաև կարևոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է: Դրական դեպքերի տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Մենք հիմա մոտավորապես 5-8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարևոր է, որովհետև եթե մարդիկ գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն վարքի վրա ազդում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս առումով նշեց, որ առաջիկայում այս դրական դինամիկան խախտելու մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է: Վարչապետի խոսքով՝ կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, սակայն պարետատունը պարտադրված է անել քայլեր, որ համաճարակային նոր ճգնաժամ չլինի:

«Երբեմն լինում են մեկնաբանություններ, որոնք զարմացնում են: Բոլոր հակահամաճարակային որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում դրանք և պահպանում: Կայացված որոշումները վերաբերում են մեր երեխաներին նույնպես: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև մոնիտորինգ կանենք իրավիճակը, և եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք համապատասխան որոշումներ կկայացնենք, որ օր առաջ մեր երեխաները լիաթոք շնչեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում