Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան հեռանկարներ» փառատոնին բացման համերգի համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան հեռանկարներ» փառատոնին բացման համերգին պարգևած անփոխարինելի րոպեների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հակոբյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Երեկ երեկոյան Բերդում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը: Հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել: Շնորհակալություն պարգևած անփոխարինելի րոպեների համար»,-շեշտել է վարչապետի տիկինը:
«Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 7-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:
Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ այն, ինչ տեղի է ունենալու սեպտեմբերի7-ին, առանց չափազանցության համարում է պատմական իրադարձություն,որովհետև երբևէ չի եղել,որ այնպիսի ծանրակշիռ,հեղինակավոր,ահռելի պատմություն ունեցող փառատոն,ինչպիսին«Երևանյան հեռանկարներ»միջազգային երաժշտական փառատոնն է,իր մեկնարկը տա Տավուշում՝ սահմանմերձ Բերդ քաղաքում, և երբեք չի եղել այնպես,որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝Ֆիլհամոնիկ նվագախումբը ելույթ ունենա սահմանամերձ համայնքում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ էր,որ այս երկու ծանրակշիռ նախագծերի համատեղ ներկայությունը սահմանագծին,նաև նախարարության աջակցությունը այս նախագծերին,չի կարող չփոխել առօրյան և չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: «Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ: