Ալեն Սիմոնյանը հանդիպեց ՌԴ մեկնելու պահանջով ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիներին ու պատասխանեց նրանց հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նշեց, որ Ռուսաստան մեկնելու հարցի վերաբերյալ բանակցություններ են ընթանում, և արգելքը ռուսական կողմից է:
«Ռուսաստանն ասում է՝ իմ մոտ խնդիր է, համաճարակ է, եթե, նույնիսկ, Հայաստանից ընդունեցի, մյուսներին ինչպե՞ս ասեմ, որ չեմ ընդունելու: Հիմա բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով Վրաստան մուտք գործելու խնդրին՝ Սիմոնյանը նշեց, որ հարևան պետությունը զբոսաշրջիկների և այլ ացելուների համար երկիրը կբացի միայն Վրաստանում կայանալիք համապետական ընտրություններից հետո:
«Հոկտեմբերի 31-ին Վարստանում համապետական ընտրություններ են: Մինչև դա չանցնի, իրենք երկիրը չեն բացելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ:
Նորայր Շողիկյան