ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2363 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 213644 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 190 նոր դեպք և 402 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 891 (ավելացել է ևս 4-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 տարեկան տղամարդ և 81, 61, 83 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան