Հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագիրն իրականացվելու է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում այսուհետև կատարվելու են մորից երեխայինՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:
«Ձևավորվել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաև որոշ հիվանդությունների վերացման մեթոդների մշակումը (էլիմինացիա): Այս համատեքստում շատ կարևոր է, որ երկու կազմակերպություն միավորվել են»,- նշեց Մադոյանը:
Նրա խոսքով՝ այժմ աշխատում են միասնական տեսլականի վրա, արդեն ուրվագծված են որոշ ուղղություններ, որոնց շուրջ աշխատանքներ են տարվում։
«Հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագիրն իրականացնելու է մեր ազգային կենտրոնը, բացի այդ, մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնելու։ Հայաստանը՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման բացառման առումով լուրջ հաջողությունների է հասել, և այդ փորձը մենք տարածելու ենք նաև այլ վարակների վրա»,- ընդգծեց Մադոյանը։
Լիլիթ Դեմուրյան