Հասարակական

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել․ մահերի թիվը հասել է 14-ի

2 րոպեի ընթերցում

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել․ մահերի թիվը հասել է 14-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզում և Երևանում սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:

27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի»,- գրել է Նիկողոսյանը։

Մամուլի խոսնակը հայտնել է, որ հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում:

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»,- գրել է Նիկողոսյանը։

Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279­րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ինքնաթոր օղի արտադրող Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում